ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵԳ-ը մոլիբդենի խտանյութը ենթարկում է թրծման` բազմահատակ վառարանում, որի արդյունքում ստացված մոլիբդենի օքսիդը հումք է հանդիսանում ֆերոմոլիբդենի և մետաղական մոլիբդենի արտադրության համար:
Խտանյութի թրծումը բազմահատակ վառարանում ունի մի շարք առավելություններ՝ ավանդական պտտվող խողովակային վառարանների նկատմամբ: Այն առավելագույնս ավտոմատիզացված է, չի պահանջում լրացուցիչ վառելանյութ այրումն ապահովելու համար, խնայում է հումքային ռեսուրսները, նվազեցնում փոշու արտանետումները ,ապահովում ռենիումի թորահանման բարձր աստիճան, երկարացնում միջվերանորոգման ժամկետները` նվազեցնելով վերանորոգման ծախսերը:
Բազմահատակ վառարանը նպաստում է առավելագույն արդյունավետությամբ տեխնոլոգիական պրոցեսների կառավարմանը և բարձր որակի արտադրանքի ստացմանը:
Բազմահատակ վառարանի աշխատանքային ռեժիմն անընդհատ է, իսկ արտադրողականությունը ՄԵԳ–ում կազմում է 20-22 տն/օր :
ՄԵԳ–ում ֆերոմոլիբդենի հալումը կատարվում է հորանային վառարանում, մոլիբդենի մետաղաթերմիկ վերականգնումով`մասնավորապես սիլիկաթերմիկ եղանակով: Մոլիբդենի տեխնիկական օքսիդը վերականգնիչ մետաղների և երկաթ պարունակող հավելանյութի հետ բեռնվում է վառարան և օքսիդավերականգնման ռեակցիաների հաշվին տեղի է ունենում համաձուլվածքի ստացում: Քանի որ մետաղաթերմիկ ռեակցիաներն ընթանում են առանց արտաքին էներգիայի ծախսման:
Մետաղական մոլիբդենը ստանում ենք հիդրոմետալուրգիական եղանակով: Մոլիբդենի տեխնիկական օքսիդի ամոնիակաջրով լուծահանման արդյունքում ստացված ամոնիումի մոլիբդատի աղը վերականգնվում է մինչև մաքուր մոլիբդենի փոշի, մամլվում և եռակալվում :
Ամոնիումի պերռենատը ստանում ենք մոլիբդենի խտանյութի թրծման արդյունքում`վերջինիս գազամաքրման համակարգում կուտակված շլամներից :